38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

-Աստված մի արասցե, վաղը եթե չլինեք, ո՞վ է Ձեզ փոխարինելու... -Եթե տղաս լիներ, հաստատ կփոխարիներ ինձ։

-Աստված մի արասցե, վաղը եթե չլինեք, ո՞վ է Ձեզ փոխարինելու...    -Եթե տղաս լիներ, հաստատ կփոխարիներ ինձ։
12.05.2009 | 00:00

«ԱՄԵՆԱՀԶՈՐ ՕՐԵՆՔԸ ԽՂՃԻ, ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ Է»
ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ վերջին հարցազրույցը «Իրավունքը de facto»-ին
-Երբ շատ երիտասարդ էի, կարծում էի, թե տաղանդավոր կարող են լինել միայն նկարիչը, կոմպոզիտորը, գրողը: Հետո հասկացա, որ տաղանդավոր մարդն ամեն ասպարեզում էլ կարող է լինել տաղանդավոր: Եվ յուրաքանչյուր ասպարեզում այդ մարդիկ են որոշում ամեն ինչ:
Հիշվում են այն մարդիկ, ովքեր իրոք ծառայել են ազգին: Ոչ թե այսօրվա նման` իրար բրթելով, իրար կրծելով` միայն դեպի պաշտոն, դեպի աթոռ, դեպի հարստություն... Բարոյականությունն այնքան ցածր մակարդակի է իջել, որ մարդիկ արդեն անհարմար էլ չեն զգում: Միայն թե պաշտոն ստանան: Բայց հանուն ինչի՞: Ի՞նչ հետք ես թողնելու ազգիդ համար... Բայց, գիտե՞ք, կյանքը աննկատ, առանց մեր միջամտության, էդ փուչիկներին` արվեստում լինի, թե քաղաքականության մեջ, քշում-տանում է... Ի՜նչ հայտնի նկարիչներ կային` կոչումներով, շքանշաններով: Ո՞վ մնաց... Մնացին նվիրյալները` Մինասի պես, Վրույրի պես, Աշոտ Հովհաննիսյանի պես, ինչպես Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը... Այսինքն՝ դաշտը մաքրվում է, մնում են իսկական, մաքուր նվիրյալները... Եթե ես, օրինակ, լինեի որևէ թատրոնի ռեժիսոր, այսօր կբեմադրեի Սունդուկյանի «Պեպոն», նորովի. 1 Պեպո և 30 Զիմզիմով: Պեպոն ազգն է, ժողովուրդն է, զիմզիմովները՝ այս վհուկները, որ միայն թալանում ու գռփում են:
-Հիշո՞ւմ եք որևէ պետական գործչի, որ ժողովուրդը սիրեր նրան կենդանության օրոք, գնահատեր...
-Այո՛: Այդպիսին էր Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը: Ժողովուրդը շատ էր սիրում նրան։ Հպարտությամբ եմ հիշում այն տարիները, երբ բախտ եմ ունեցել աշխատելու նրա հետ «Երևաննախագիծ» ինստիտուտում. նա և՛ իմ ավագ ընկերն էր, և՛ ուսուցիչս: Հրա՜շք մի մարդ: Հետագա բոլոր տարիների ընթացքում չտեսա մեկ այլ քաղաքապետի, որ կարողանար կանգնել նրա կողքին, ունենար նման արժանիքներ:
-Հավանաբար, ուներ ազգային, պետական մտածողություն:
-Ճիշտ ասացիք. նա և՛ պետական, և՛ ազգային գործիչ էր, և այնքան կիրթ մարդ, որ գիտակցում էր մշակույթի նշանակությունը, գիտեր, որ եթե մեզ այսօր աշխարհում ճանաչում են, ճանաչում են մեր մշակույթով։ Հասրաթյանի գործունեության մեջ մշակույթը երկրորդական չէր: Բազմաթիվ արվեստագետների ապահովել է բնակարանով` նույնիսկ խախտելով օրենքը: Անգամ այսպիսի դեպք գիտեմ. մի նկարիչ եկել էր Սիբիրից և անձնագիր չուներ, բնակարան տվեց: Պատկերացնո՞ւմ եք... Ամենահզոր օրենքը խղճի օրենքն է, բարոյականության օրենքն է: Այդ առումով նա անփոխարինելի մարդ էր: Բոլոր մարդիկ են, իհարկե, անփոխարինելի: Սովետական կարգախոսը, թե անփոխարինելի մարդ չկա, շատ սխալ է: Միգուցե անփոխարինելի պաշտոնյա չկա, բայց յուրաքանչյուր մարդ անփոխարինելի է` գոնե մեկ հոգու համար: Ժողովուրդը շատերին է հարգում, բայց սիրում է քչերին: Օրինակ` սիրել է նաև Կարեն Դեմիրճյանին, Ջոն Կիրակոսյանին: Նրանցից յուրաքանչյուրն ուներ ազգային և պետական գործչի նկարագիր:
...Խորհրդային տարիներին ի՜նչ վիճակներից է ինձ փրկել Դեմիրճյանը, ինչերից է փրկել Ջոն Կիրակոսյանը, երբ ինձ նացիոնալիստ էին համարում, չնայած ես ընդամենն իմ գործն էի անում... Արվեստագետներից շատերին էին սիրում` Շիրազին, Երվանդ Քոչարին, վարպետ Սարյանին, Ավետիք Իսահակյանին... Բայց ես խոսում եմ պետական այրերի մասին: Այդ առումով ինձ համար Գրիգոր Հասրաթյանը մնաց որպես մի առասպել: Նա իր կենդանության օրոք արդեն առասպել էր, իդեալ իսկական... Հետաքրքիր բան է. գիշերները Մինասի հետ միշտ քայլում էինք քաղաքում, և գիտե՞ք` ինչքա՜ն ենք հանդիպել Հասրաթյանին գիշերվա ժամը 3-ին, 4-ին` քաղաքում շրջելիս... Ես նրանից շատ բան եմ սովորել: Եթե Հասրաթյանը չլիներ, չէին ծնվի իմ այս կենտրոնները, չէր ծնվի Վարդան Մամիկոնյանի հուշարձանը, ինչպես եթե Զարոբյանը չլիներ, չէր ծնվի Եղեռնի հուշարձանը... Ես, օրինակ, կյանքումս չեմ տեսել Պետրոս Կոնտուրաջյանին` հայրենադարձ, փայլուն մի նկարիչ` Փարիզից եկած, բայց ինչ տպում եմ` նրա անունը կա, որովհետև սիրում եմ նրան: Նա մե՜ծ արվեստագետ էր: Բայց Հայաստանում նրան հասցրին ինքնասպանության: Ա՛յն սրիկաները, որ հետո իրենք կոչումներ ստանային... նույնիսկ ծեծել են նրան...
-Ձեր կենտրոն այցելո՞ւմ են պաշտոնյաներ, պատգամավորներ...
-Հաճախ եմ մտածում` ինչպե՞ս կարող է մարդը ղեկավարել մի ոլորտ, ասենք` տուրիզմ, և չտեսնել թանգարանները... Էդ տուրիզմը հո միայն Զանգվի ձո՞րը չէ... Տուրիստը գալիս է, Երևան չմտած` կազինոներն է տեսնում շարված... Բացի Հրանուշ Հակոբյանից, չեմ հիշում մի խորհրդարանականի, որ մտած լինի մեր կենտրոն: Մտածում եմ` մեր պատգամավորներին մի՞թե հետաքրքիր չէ` իր երեխայի կամ թոռնիկի հետ գա, մտնի մանկական պատկերասրահ, տեսնի Մինասի գործերը կամ Հակոբ Հակոբյանի... Ինչո՞վ են ապրում այդ մարդիկ... Մինչև վերջերս հզոր համերգներին կառավարական օթյակը միշտ դատարկ էր: Մի՞թե ձեզ հետաքրքիր չէ: Դուք ի՞նչ կյանքով եք ապրում... Լավ, էլի՛, գնացեք Զանգվի ձորը...
-Պարոն Իգիթյան, պատմության մեջ Դուք մտաք նաև Գորբաչովին նետած Ձեր «թևավոր խոսքով»...
-Գիտե՞ք, գուցե թերություն է դա, բայց կյանքում ամեն ինչին շատ լուրջ եմ վերաբերվում: Չեմ կարող, ասենք, հենց այնպես կնոջ հետ հանդիպել. ես պետք է սիրեմ: Պետք է զգամ, որ ինձ սիրում են: Երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էի, շատ լուրջ էի վերաբերվում դրան: Երբ Կարեն Սիմոնյանը Ազատության հրապարակում, սպիտակ կոստյումով, կարմիր մեխակը գրպանում «տնկած», ասում էր. «Ես գնում եմ տղաներին բանտից ազատելու...», ճառ էր ընդամենը... Գալիս էր Մոսկվա, մի քանի գիրք էր առնում, մի քիչ կոնֆետ-մոնֆետ, գալիս Երևան: Ոչ ելույթ էր ունենում ԳԽ-ում, ոչ գործ անում: Մատը մատին չի խփել: Բայց դարձավ սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ, Լևոնի ժամանակ էլ նախարար էր, հիմա էլ Ֆրանսիայում է ապրում` որպես այլախոհ: Չի կարելի ոչինչ ի միջի այլոց անել: Ի՜նչ կռիվներ եմ տվել Մոսկվայում, երբ տղաները նստած էին: Թող մեծամտություն չթվա. ամենից շատ պայքարել ենք ես ու Գալինա Ստարովոյտովան: Երկուսս միայն. չէ՞ որ բանտում իմ ընկերներն էին, որոնց հետ հրապարակից առավոտներն էի տուն գնում: Կարող էի իրենց տեղը բերդում ես լինել, չէ՞...
-1989-91 թթ. ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր էիք, ընդ որում, գործուն պատգամավոր: Ինչո՞ւ նորանկախ խորհրդարանում ներկայացված չէիք:
-Սուտ չխոսեմ: Մոսկվայից որ եկա, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը և Գագիկ Հարությունյանը կանչեցին ինձ, ասացին` տեղ կա, արի ընտրվի պատգամավոր: Ասացի` չեմ ուզում, շատ եմ կարոտել աշխատանքս: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երկու անգամ առաջարկել են մշակույթի նախարար: Հրաժարվել եմ: Հիմա զգում եմ, թե ինչքան ճիշտ եմ արել: Ես ուզում եմ այս գործը հասցնել մինչև վերջ: Ես չեմ կարող, ունենալով պաշտոն, այս գործն իրականացնել: Ես պետք է այստեղ լինեմ:
-Որո՞նք են այսօր Ձեր ամենակարևոր ծրագրերը:
-Կառուցել շենք` ժողարվեստի թանգարանի շատ հզոր շենք, որ համապատասխանի այսօրվա միջազգային բոլոր չափանիշներին, քաղաքի կենտրոնում: Կողքին` գեղագիտական դաստիարակության կենտրոն` իր մանկական թանգարանով, թատրոնով և ֆիլհարմոնիայով: Լավ միջավայրով` ընտիր քանդակներ, արձաններ, ծաղիկներ, շատրվաններ և այլն: Նաև` դպրոցական շենք, ուր կտեղափոխվի մեր երաժշտական դպրոցը, որը միակն է հանրապետությունում որպես ազգային գործիքների դպրոց:
-Ո՞րն էր նման դպրոց հիմնելու նպատակը:
-Շատ մեծ մտավախություն ունեի` կարող է գալ մի ժամանակ, որ երեխաներին Սարդարապատի ազգագրության թանգարանում ասեն` պատին կախված այս գործիքը ժամանակին նվագել են հայերը: Նույնիսկ գործիք կա, որի գծագրերը Մատենադարանից ենք վերցրել և վերականգնել այն: Փառք Աստծո, դպրոցը կա, բայց պայմաններն ահավոր են:
-Կարելի՞ է ասել` ողջ հայ մշակույթն է ներկայացված Ձեր կենտրոնում:
-Անպայման: Մի հարցազրույց էի տվել «Օգոնյոկ»-ին, որտեղ ասել էի. «Ես կարող եմ լինել Սովետական Միության մշակույթի լավագույն նախարարը: Ոչ թե Հայաստանի, այլ հենց Սովետական Միության»: Եվ դա մեծամտություն չէր: Ես գիտեմ` ի՛նչ է նշանակում կառավարում, կազմակերպում, ինչպես պետք է էներգիան ճիշտ ուղղորդել: Ոչ մի երկրում մասնագետն այլ գործերով չի զբաղվում, ինչպես, ասենք, հաստիքի հարց լուծել, գաջ ճարել, բանվորություն անել, արձան քարշ տալ... Մենք սովետիկ ենք, այդպիսին էլ մնացել ենք: Այսքան տարիների ընթացքում ժյուրի չկա ժամանակակից արվեստի թանգարանում: Ես եմ ժյուրին: Եվ սա մեծամտություն չէ:
-Աստված մի արասցե, վաղը եթե չլինեք, ո՞վ է Ձեզ փոխարինելու...
-Շատ եմ մտածել այդ մասին: Ձեզ հարց տամ` ինձ ո՞վ է պատրաստել: Ինձ ո՞վ է սովորեցրել էքսպոզիցիա անել: Երկու անգամ կազմակերպել եմ Գառզուի ցուցահանդեսը Ֆրանսիայում, մեկը` Փարիզում, մյուսը` Մոնտե Կառլոյում, այնուհետ` Մոսկվայում և Երևանում: Գառզուն Փարիզում ասում էր. «Ես չեմ գալու: Իգիթյանը պիտի անի էքսպոզիցիան»: Հետո աշնանային սրահում հավաքեց ֆրանսիացիներին և ասաց. «Սովորեք Իգիթյանից` ինչպես անել էքսպոզիցիա»: Շատերը մտածում են` արվեստաբանն այն մարդն է, որ գեղեցիկ խոսում է: Բայց արվեստաբանն ինձ համար այն մարդն է, որը ճիշտ գործեր է ընտրում և ճիշտ դասավորում: Այսքան ալբոմ եմ տպում, այսքան էքսպոզիցիա եմ անում, ոչ մեկի կարծիքը ինձ չի հետաքրքրում: Իմ մասնագիտությունը նույն ռեժիսուրան է: Չի կարելի 10 ռեժիսորով ներկայացում բեմադրել: Մի հոգի պետք է անի... Ինչքան ջազմեն կա Հայաստանում, բոլորն անցել են գեղագիտության կենտրոնով. սկսած Վահագն Հայրապետյանից մինչև Լևոն Մալխասյան: Այսինքն` մենք միշտ ստեղծել ենք մթնոլորտ և կադրեր ենք աճեցրել: Էլ չեմ խոսում նկարչական ասպարեզի մասին: Բայց եթե մարդը ձայն չունի, լսողություն չունի, նրան ինչպե՞ս դարձնեմ երգիչ: Եթե դու լիդեր չես, ո՞նց դարձնեմ քեզ լիդեր: Այն երեխաս` տղաս, որ զոհվեց, լիդեր էր: Մանկապարտեզում, երբ երեխաները չարություն էին անում, աշխատողները տղայիս ասում էին` Ռուբեն ջան, արի երեխաների հետ խոսիր, էլի: Նա բոլորին նստեցնում և հանգստացնում էր: Ափսոս, չկա տղաս: Ա՛յ, եթե տղաս լիներ, նա հաստատ կփոխարիներ ինձ. լիդերի ակնհայտ հատկանիշներ ուներ: Զոռով լիդեր չեն դառնում:
-Ինչո՞վ է այսօր զբաղված կենտրոնը:
-Մենք ունենք հոյակապ ստուդիաներ, այնպիսին, որ նույնիսկ ոչ մի երկիր չունի: Հիմա պատրաստվում ենք համահավաք ներկայացնել հայ ժողովրդի բոլոր հերոսական էջերը: Հերիք է նվնվանք ու լաց լինենք: Մի անգամ մի թերթ ինձ փորձել էր քննադատել, թե` Իգիթյանն ասում է. «Լավ է, որ մեզ ագրեսոր են համարում»: Լավ չէ՞ ագրեսոր լինենք պատերազմի ժամանակ, քան ոչխարի նման կոտորվենք: Աշխատանքը միաժամանակ կատարվում է կենտրոնի 12 ստուդիաներում: Սկսում ենք Հայկ ու Բելից, հասնում մինչև Շուշի: Հայտնի պատմաբանների ենք հրավիրում, որ երեխաների հետ զրուցեն այդ թեմաներով: Պատմաբաններից յուրաքանչյուրին խնդրելու եմ նաև 2-3 էջի սահմաններում, հանրամատչելի գրի որևէ հերոսական դրվագի պատմություն, որը տպագրելու ենք երեխաների համապատասխան աշխատանքների հետ: Հիմա պատրաստում եմ նաև մի աննախադեպ մեծ ալբոմ-կատալոգ` «Ժամանակակից արվեստի թանգարան»։ Պատրաստում եմ նաև մանկական թանգարանի մեծ կատալոգ` «Հայեր. 20-րդ դար» վերտառությամբ: Եվ, ամենակարևորը, խնդիր եմ դրել` դասական արվեստից մինչև մոդեռնիզմ: Էլ չեմ ասում` Գայանե Խաչատրյանի մասին պետք է գիրք պատրաստեմ, Մարտին Պետրոսյանի, արել եմ Մինասի մասին և Աշոտ Հովհաննիսյանի, Երվանդ Քոչարի և այլն: Իմ տարիքում մարդն ավելի շատ է գնահատում ժամանակը և ափսոսում: Ես, օրինակ, չգիտեմ` ամառանոցն ի՞նչ է: Ասենք` ունենայի... ե՞րբ պետք է գնայի... Հիմա թեև հոգնած եմ, շատ բեռ եմ վերցրել, դադար չունեմ: Գործ շատ կա անելու: Իսկ ամենակարևորը շենքերի կառուցումն է: Ձեզ ո՞նց բացատրեմ, թե դա ի՛նչ է ինձ համար: Ես հավատում եմ, որ Սերժ Սարգսյանը կկատարի իր խոստումը` անպայման կկառուցի այդ շենքերը: Եվ այդ շենքերը պետք է շատ արագ կառուցվեն և ոչ թե դառնան դարի կառույց:
Հարցազրույցը՝ Նվարդ ԲՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2728

Մեկնաբանություններ